ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Սույն ընդհանուր պայմաններով սահմանվում են «Օնէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Օնէքս) կողմից հասցեի տրամադրման միջոցով բեռնափոխադրումների կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
- 1. ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳՐԱՆՑՈՒՄ
- 2. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԱՌԱՔԱՆՈՒ ԸՆԴՈՒՆՈՒՄ
- 3. ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
- 4. ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔ
- 5. ԱՌԱՔԱՆՈՒ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
- 6. ԱՌԱՔԱՆՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ
- 7. ԱՌԱՔԱՆՈՒ ԺԱՄԱՆՈՒՄ
- 8. ԱՌԱՔԱՆՈՒ ՍՏԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
- 9. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- 10. «ԱՌԱՔՈՒՄ ՏՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
- 11. ԱՌԱՔԱՆՈՒ ՍՏԱՑՈՒՄ ԼՈՔԵՐԻՑ
- 12. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
- 13. ԲՈՆՈՒՍՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
1. ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳՐԱՆՑՈՒՄ
1.1. Հաճախորդ դառնալու կարգը։ Ֆիզիկական կամ իրավաբանական անձը համարվում է «Օնէքս» ՍՊ ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն») հաճախորդ այն պահից, երբ վերջինս՝
ա) գրանցվում է Ընկերության կայքում կամ հավելվածում և ստեղծում է անձնական հաշիվ, կամ
բ) օգտվում է Ընկերության ծառայություններից՝ համաձայնելով սույն պայմաններին։
1.2. Պայմանների ընդունումը (համաձայնությունը) Գրանցման ընթացքում համապատասխան նշում կատարելով («հաստատել», «accept», կամ համարժեք գործողությամբ), ինչպես նաև ծառայություններից փաստացի օգտվելով, անձը հաստատում է, որ՝
● ամբողջությամբ կարդացել և ընդունում է սույն պայմանները,
● համաձայն է դրանցով սահմանված իրավունքներին և պարտավորություններին։
1.3. Հաշվի ակտիվացում և ծառայությունների հասանելիություն։ Գրանցումից հետո Հաճախորդին տրամադրվում է անձնական հաշիվ և համապատասխան հասցեներ/միջազգային առաքման տվյալներ՝ Ընկերության ծառայություններից օգտվելու համար։
1.4. Կողմերի միջև հաղորդակցությունը Ընկերության և Հաճախորդի միջև հաղորդակցությունը իրականացվում է՝
● էլեկտրոնային փոստի միջոցով,
● հեռախոսային կապով,
● կայքի կամ հավելվածի միջոցով (անձնական հաշիվ, ծանուցումներ),
● կամ Ընկերության կողմից կիրառվող այլ հաղորդակցման միջոցներով։
Հաճախորդը պարտավոր է տրամադրել ճշգրիտ և գործող կոնտակտային տվյալներ։ Ընկերության կողմից նշված տվյալներով ուղարկված հաղորդագրությունները համարվում են պատշաճ կերպով առաքված։
1.5. Հաշվի կասեցում և արգելափակում։ Ընկերությունը իրավունք ունի ժամանակավորապես կասեցնել կամ արգելափակել Հաճախորդի հաշիվը, եթե՝
● Հաճախորդը խախտում է սույն պայմանները,
● տրամադրել է ոչ ճշգրիտ կամ կեղծ տվյալներ,
● առկա են անվտանգության կամ իրավական ռիսկեր,
● կամ այլ հիմնավոր պատճառներով՝ Ընկերության ողջամիտ գնահատմամբ։
1.6. Հաշվի դադարեցում (ջնջում)։ Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմել իր հաշվի դադարեցման (ջնջման) համար՝ համապատասխան դիմում ներկայացնելով Ընկերությանը։ Հաշվի դադարեցումը չի ազատում Հաճախորդին մինչև այդ պահը ստանձնած պարտավորություններից։
2. ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԱՌԱՔԱՆՈՒ ԸՆԴՈՒՆՈՒՄ
2.1 Օնէքսի բեռնափոխադրման կազմակերպման ծառայությունից օգտվելու համար Հաճախորդն արտասահմանում գտնվող իր առաքանին պարտավոր է ուղարկել Օնէքսի արտասահմանյան պահեստի հասցեով։
2.2 Առաքանու վրա հասցեատեր բաժնում պետք է արտացոլվի Օնէքսի կողմից տրամադրված բոլոր տեղեկությունները, հակառակ դեպքում Օնէքսը պատասխանատվություն չի կրում առաքանին պահեստում չընդունելու, ուշացումով նույնականացնելու, առաքումն ուշացնելու կամ չառաքելու համար։
2.3 Առաքանին ընդունված է համարվում այն ժամանակ, երբ պահեստում Օնէքսի աշխատակիցների կողմից Առաքանին ընդունվում է, նույնականացվում և սքանավորման միջոցով մուտքագրվում է համակարգ:
2.4 Առաքանու ընդունումը կատարվում է այն փաստացի պահեստ առաքվելուց հետո 1(մեկ) աշխատանքային օրվա ընթացքում։
2.5 Առաքանին սքանավորման ու նույնականացման արդյունքում Հաճախորդի անձնական էջում կարտացոլվեն հետևյալ տեղեկությունները՝
ա/ փոխադրման ընթացքին հետևելու համարը (Tracking Number),
բ/ ստացողը ՀՀ-ում,
գ/ առաքման և ստացման երկրները,
դ/ առաքման եղանակը,
ե/ ընդունման ամսաթիվը,
զ/ իրական քաշը,
է/ առաքման արժեքը:
3. ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
3․1 Այն դեպքում, երբ առաքանու փաստացի և/կամ ծավալային քաշի նվազեցման կամ համախմբման անհրաժեշտություն է առկա, Օնէքսն իր հայեցողությամբ իրավունք ունի Պահեստում վերափաթեթավորել առաքանին։ Վերափաթեթավորումը կատարվում է անվճար։
3․2 Վերափաթեթավորում չի իրականացվում ՌԴ պահեստում։
4. ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔ
4․1 Օնէքսը պարտավոր չէ կատարել այնպիսի առաքանիների փոխադրման կազմակերպումը, որոնք Պահեստի գտնվելու վայրի պետության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է փոխադրել:
4․2 Բեռնափոխադրման համար ընտրված եղանակից, ինչպես նաեւ պահեստի երկրից կախված արգելված համարվող իրերի ցանկը սահմանված է Հաճախորդի անձնական էջում՝ արտասահմանյան պահեստների հասցեներ բաժնում։
4․3 Օնէքսի պահեստ արգելված առաքանի ստանալու դեպքում, Օնէքսը պատասխանատվություն չի կրում այդ առաքանու համար, իսկ դրա վերադարձման, ոչնչացման կամ պահեստում պահպանության համար ամբողջական պատասխանատվությունը և ծախսերը կրում է Հաճախորդը։
4.4 Արգելված առաքանու հայտնաբերման դեպքում Օնէքսը հաճախորդին անհապաղ տեղեկացնում է նշված հանգամանքի մասին։
4.5 Բոլոր դեպքերում Օնէքսը չի փոխադրում զենք, զինամթերք, թանկարժեք մետաղների ձուլակտորներ կամ ջարդոն, արտարժույթ, ծխախոտ, վտանգավոր, պայթուցիկ կամ շուտ հրկիզվող նյութեր, բույսեր, կենդանիներ, միջատներ, խմիչք, սնունդ :
4․6 Օնէքսի պահեստ ընդունված նույնականացման խնդիր ունեցող բոլոր առաքանիները 3 ամիս անց կուտիլիզացվեն։
4․7 Օնէքսի պահեստ ընդունված բոլոր այն առաքանիները, որոնք օդային առաքման դեպքում արգելված են, ավտոմատ կերպով ուղարկվելու են ծովային ճանապարհով, ինչի վերաբերյալ Հաճախորդը տեղեկացվում է։
5. ԱՌԱՔԱՆՈՒ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
5.1 Առաքանին Պահեստում ընդունելուց և գրանցելուց հետո Օնէքսը կազմակերպում է Առաքանու փոխադրումը Հայաստանի Հանրապետություն:
5.2 Բեռնափոխադրման տևողությունը արտասահմանյան պահեստում ընդունվելուց մինչև ՀՀ հասնելը կատարվում է ըստ ժամանակացույցի:
5.3 Ժամկետների հաշվարկի սկիզբ է համարվում առաքանու Օնէքսի համապատասխան արտասահմանյան պահեստ մուտքագրման (ներքին համակարգ առաքանու սկանավորման) օրը, իսկ ժամկետի ավարտման պահ է համարվում առաքանին ՕնԷքսի երևանյան հիմնական ստացման վայրեր մուտքագրման (ներքին համակարգ առաքանու սկանավորման) օրը։ Ժամկետների հաշվարկի մեջ չեն մտնում ՀՀ տարածքում կամ դեպի լոքեր առաքումները, մաքսային հսկողության համար առաքանին լրացուցիչ հսկողության կամ զննության համար պահելը։ Առաքանու պահեստ մուտք լինելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում անցնում է սկանավորում։ ՕնԷքսը իրականացնում է բեռների տեղափոխման հետագծել իության (tracking) ծրագրային ապահովում հաճախորդների համար։
5.4 Հաճախորդը համաձայն է, որ սույն Ընդհանուր պայմանների եւ դրույթների 5.3 կետով նախատեսված դեպքերում Առաքանու ուշացման համար իրավունք ունի հատուցման դիմում ներկայացնել Օնէքսին: Հատուցման տրամադրման հիմքերը, չափը և ընթացակարգը սահմանվում են սույն պայմաններով և կիրառելի օրենսդրությամբ։ Օնէքսի կողմից ընդունված որոշումները ենթակա են բողոքարկման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
5.5 Բողոքարկման հետ կապված ծախսերը բաշխվում են կողմերի միջև՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
5.6 Բեռնափոխադրման ժամկետները կրում են կողմնորոշիչ բնույթ, արտացոլում են բեռների առաքման նախորդ տարվա փաստացի ժամկետներն առնվազն 80 տոկոս ճշգրտությամբ։ Բեռնափոխադրման ժամկետները հատկապես կարող են տարբերվել՝պայմանավորված սեզոնային ծանրաբեռնվածությամբ (նոյեմբերի 11-ին, սև ուրբաթին հաջորդող ժամանակահատվածներում, չինական ուղղության դեպքում չինական ամանորն ընդգրկող ժամանակահատվածում), անհաղթահարելի ուժի ազդեցության հետ կապված հանգամանքներում: Բեռնափոխադրման ժամկետի խախտման համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում Օնէքսը տրամադրում է՝ պայմանավորված ուշացման պատճառներով: Առաքանու փոխադրման ժամկետի ուշացման վերաբերյալ Օնէքսը ծանուցում է Հաճախորդին էլեկտրոնային փոստի միջոցով: Ժամկետների էական խախտման դեպքում հաճախորդը իրավունք ունի պահանջել փոխհատուցում ՝ սույն պայմաններով սահմանված կարգով: Բեռնափոխադրման ժամկետի խախտման դեպքում փոխհատուցում տրամադրվում է միայն այն դեպքում, երբ ուշացումը պայմանավորված է Օնէքսի մեղքով, իսկ հաճախորդը ներկայացրել է պահանջը հիմնավորող համապատասխան տվյալներ և փաստաթղթեր։
6. ԱՌԱՔԱՆՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ
6.1. Նախքան Առաքանու Հայաստանի Հանրապետություն հասնելը Հաճախորդը պարտավոր է Օնէքսի անձնական էջում հայտարարագրել առաքանու արժեքը (ինվոյսային արժեքը) և մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ այլ տվյալները։ Այդ տվյալները մշակվում են առաքանու հայտարարագրման, մաքսային ձևակերպումների, բեռնափոխադրման ծառայության կազմակերպման, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, մաքսային մարմիններին, մաքսային բրոքերներին կամ մաքսային ձևակերպումներում ներգրավված այլ անձանց փոխանցելու նպատակով։
6.2. Եթե Առաքանու արժեքը հայտարարագրված չէ կամ մաքսային ձևակերպումների համար ներկայացված տվյալները բավարար չեն, մաքսային մարմինները կամ օրենքով լիազորված այլ անձինք իրավասու են օրենքով սահմանված կարգով որոշել Առաքանու արժեքը կամ պահանջել լրացուցիչ տվյալներ և փաստաթղթեր։
6․3․ Առաքանու վերաբերյալ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություններ նշելու բացասական հետևանքները կրում է Հաճախորդը։
6.4. Մաքսային ձևակերպումների նպատակով անձնական տվյալների մշակման շրջանակը, նպատակը, տվյալներ ստացող անձանց շրջանակը և տվյալների սուբյեկտի իրավունքները սահմանվում են Օնէքսի Գաղտնիության քաղաքականությամբ։
7. ԱՌԱՔԱՆՈՒ ԺԱՄԱՆՈՒՄ
7.1 Հաճախորդը, սույն պայմաններին միանալով և/կամ «Օնէքս» ՍՊ ընկերության ծառայությունից օգտվելով, տալիս է իր համաձայնությունն առ այն, որ «Օնէքս» ՍՊ ընկերության միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի պահանջով առաքանու մաքսային զննման գործընթացին «Օնէքս» ՍՊ ընկերությունը («Օնէքս» ՍՊ ընկերության աշխատակիցները) լինի Հաճախորդի լիազորված անձը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչություններում: Միևնույն ժամանակ, Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել նշված լիազորումից՝ այդ մասին նախապես գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային) ծանուցելով «Օնէքս» ՍՊ ընկերությանը, պայմանով, որ տվյալ գործընթացը կարող է իրականացվել առանց «Օնէքս» ՍՊ ընկերության ներգրավման։ Հաճախորդն անվերապահորեն ընդունում է առաքանու մաքսային զննման գործընթացում «Օնէքս» ՍՊ ընկերության («Օնէքս» ՍՊ ընկերության աշխատակիցների) կողմից կատարված գործողությունների՝ իր անունից և ի շահ իրեն կատարված լինելը:
7.2 Առաքանին Հայաստանի Հանրապետություն հասնելուց հետո Օնէքսը այդ մասին ծանուցում է Հաճախորդին էլեկտրոնային փոստի միջոցով՝ հայտնելով ստացման ընթացակարգն ու ժամկետը:
7.3 Ֆիզիկական անձանց առաքանիները դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում հասցեատերերին այն դեպքերում, եթե մաքսային մարմինները չեն առարկում հայտարարագրված արժեքին, կամ առաքանին չի հանդիսանում ֆիզիկական անձի կողմից ներմուծման համար արգելված ապրանքատեսակ։
7.4 Իրավաբանական անձանց՝ ոչ ԵԱՏՄ երկրներից առաքվող բեռները Օնէքսի կողմից հանձնվում են պահպանության մաքսային տերմինալին և մաքսազերծման գործընթացն իրականացվում է Հաճախորդի կողմից։ Մաքսային տերմինալ Բեռի մուտքից 48 ժամը լրանալուց հետո մաքսային տերմինալի կողմից սահմանված են պահեստավորման և պահպանության վճարներ, որոնք, համաձայն Օնէքսի կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի, ենթակա են վճարման Հաճախորդի կողմից: ԵԱՏՄ երկրներից առաքման դեպքում, եթե առկա են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, Օնէքսի կողմից դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում Հաճախորդին։
8. ԱՌԱՔԱՆՈՒ ՍՏԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
8.1 Հաճախորդը կարող է ընտրել առաքանիների առավել հարմար ստացման վայր և եղանակ կայքում առաջարկվող տարբերակներից։ Առաքանին Հայաստան հասնելուն պես անվճար կտեղափոխվի պատվերի ստացման վայր և պատրաստ կլինի ստացման Երևանում՝ հաջորդ աշխատանքային օրը, ՀՀ Մարզերում՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։
8․2 Հաճախորդը կամ հասցեատերը կարող է ստանալ առաքանին սկսած այն պահից, երբ Հաճախորդի անձնական էջում պատվերի համապատասխան տողում նշված կլինի "Պատրաստ Է Ստացման"։
8․3 ՕնԷքսի հիմնական ստացման վայրերում և լոքերներում առաքանիների ստացումը իրականացվում է անհատական բարկոդի միջոցով։ Անձնական էջում կամ բջջային հավելվածում «ԲԱՐԿՈԴ» կոճակը սեղմելով՝ հաճախորդը ստանում է իր անհատական բարկոդը, որը անհրաժեշտ է սքանավորել՝ առաքանիները ստանալու համար։ Մինչ սքանավորումը անհրաժեշտ է համալրել ՕնԷքսի հաշիվը առցանց կամ տերմինալի միջոցով:
8․4 Առաքանին 180 օր չստանալու դեպքում այն կարող է ճանաչվել տիրազուրկ միայն այն դեպքում, եթե հաճախորդը նախապես առնվազն երկու անգամ ծանուցվել է սույն կանոններում նշված ծանուցման եղանակներով։
8․5 Հաճախորդն իր ցանկությամբ կարող է օգտվել «Առաքում Տուն» ծառայությունից (տե՛ս 9 կետը)։
9. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
9.1 Ֆիզիկական անձանց համար Օնէքսի կողմից մատուցված Ծառայության գինը որոշվում է ըստ Առաքանու փաստացի քաշի, բացառությամբ գերծավալային քաշով Առաքանիների:
9.2 Իրավաբանական անձանց համար ցանկացած տարբերակով, իսկ ֆիզիկական անձանց համար ծովային տարբերակներով կատարվող առաքումների համար հիմք է ընդունվում Առաքանու ֆիզիկական և ծավալային քաշերից առավելագույնը:
9.3 Առաքանին համարվում է գերծավալային քաշով, եթե եթե դրա երկարության, լայնության և բարձրության երկարությունների գումարը գերազանցում է 150 սմ-ը և ծավալային քաշը 2 և ավելի անգամ գերազանցում է փաստացի քաշը: Այս դեպքում հաշվարկվում է ըստ Առաքանու ծավալային քաշի, սակայն գործում է հատուկ զեղչված սակագին:
9.4 Ծավալային քաշը հաշվարկվում է միջազգայնորեն ընդունված հետևյալ բանաձևով՝ Երկարություն X Լայնություն X Բարձրություն / 5000 (սմ / կգ):
9.5 Բեռնափոխադրման ծառայությունները և գնացուցակը հրապարակվում են Օնէքսի պաշտոնական կայքում։ Օնէքսը իրավասու է օրենքով սահմանված կարգով իրականացնել զեղչեր և այլ ակցիաներ, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը նշվում է Օնէքսի պաշտոնական կայքում։
9․6 Ծառայության դիմաց վճարումը կատարվում է Օնէքսի կայքում Հաճախորդի անձնական հաշիվը լիցքավորելու և Օնէքսին վճարը փոխանցելու միջոցով: Վճարման եղանակներն են.
ա/ Առցանց՝ Օնէքսի կայքում Հաճախորդի անձնական էջից:
բ/ Բանկային փոխանցում՝ իրավաբանական անձանց համար,
գ/ վճարային տերմինալների միջոցով,
9․7 Քաշը կլորացվում է 100 գրամ ճշտությամբ դեպի վերև:
10. «ԱՌԱՔՈՒՄ ՏՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
10.1 Առաքանին Հայաստան հասնելուց հետո Հաճախորդը Օնէքսի կայքի իր անձնական էջից կարող է պատվիրել «Առաքում Տուն» ծառայությունը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:
10․2 «Առաքում տուն» ծառայությունը անվճար է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։
11. ԱՌԱՔԱՆՈՒ ՍՏԱՑՈՒՄ ԼՈՔԵՐԻՑ
11.1 Հաճախորդը պարտավոր է իր օգտահաշվում, մինչև առաքանու՝ Հայաստանի Հանրապետություն ժամանումը, Օնէքսի կողմից առաջարկվող պատվերի ստացման վայրերի ցանկից ընտրել լոքերով ստացման տարբերակը և նշել ցանկալի լոքերը, որտեղ ցանկանում է ստանալ առաքանին։
11.2 Լոքերում առաքանու տեղադրումը կատարվում է հնարավորության սահմաններում և կախված է համապատասխան պահատուփերի առկայությունից, առաքանու չափից և քանակից։ Լոքերում տեղադրումը չի իրականացվում, եթե՝
● առաքանին ֆիզիկապես չի տեղավորվում առկա պահատուփերում,
● առաքանիներր ընդհանուր քանակը գերազանցում է սահմանված առավելագույնը (մինչև 9 միավոր),
● առաքանու նկատմամբ առկա է մաքսային պարտավորություն,
● տվյալ պահին լոքերում առկա չէ ազատ պահատուփ։
11.3 Այն դեպքերում, երբ առաքանին չի կարող տեղադրվել լոքերում, այն տեղափոխվում է հաճախորդի կողմից ընտրված հիմնական ստացման վայր, որտեղից Հաճախորդը կարող է անձամբ ստանալ առաքանին կամ պատվիրել առաքում իր նշած հասցեով՝ Օնէքսի կողմից առաջարկվող պայմաններով։
11.4 Հաճախորդը պարտավոր է լոքերում ստանալ առաքանին 2 աշխատանքային օրվա ընթացքում, այլապես այն կվերադարձվի հաճախորդի կողմից ընտրված հիմնական ստացման վայր։
12. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
12.1 Առաքանու կորստի կամ վնասման համար պատասխանատվությունը Օնէքսը կրում է սկսած այն պահից, երբ պահեստը ընդունում է այն՝ սքանավորելով և նույնականացնելով առաքանին: Խմբաքանակով կամ առանձին միավորներով առաքանու հանձնումը պահեստին, այդ թվում՝ դրա ստացման հաստատմամբ, դեռևս չի համարվում Օնէքսի կողմից առաքանու ընդունում, և մինչև առաքանու նույնականացումը ու սքանավորման միջոցով համակարգ մուտքագրումը առաքանու կորստի կամ վնասման ռիսկը Օնէքսին չի անցնում։ Ընդ որում, եթե առաքանու ստացման պահին ողջամտորեն հնարավոր չի եղել հայտնաբերել կորստի կամ վնասման փաստը, ապա դրա հետագա հայտնաբերման և պատշաճ արձանագրման դեպքում Օնէքսը հավաքագրում է իր մոտ առկա բոլոր ապացույցները և դրանք տրամադրում է Հաճախորդին՝ վերջինիս կողմից առաքող կազմակերպությանը կամ անձին համապատասխան պահանջ ներկայացնելու համար։
12.2 Կողմերը համաձայնում և ընդունում են, որ Օնէքսի կողմից լռելյայն (առանց հատուկ ընտրության) կիրառվում է ՍՏԱՆԴԱՐՏ փոխհատուցման պայմանը, որի շրջանակում, առաքանու փոխադրման համար սահմանված ծառայության արժեքը վճարելու դեպքում (առանց որևէ հավելյալ վճարի), առաքանու կորստի կամ վնասման դեպքում տրամադրվող փոխհատուցման առավելագույն չափը կազմում է 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ։ Հաճախորդը կարող է ընտրել նաև «Էքստրա Քեր» (Extra Care) փոխհատուցման պայմանը, որի դեպքում պարտավոր է մինչև առաքանու՝ Օնէքսի արտասահմանյան պահեստ հասնելը հայտարարագրել առաքանու արժեքը և ծառայության արժեքից բացի վճարել լրացուցիչ հավելավճար՝ առաքանու հայտարարագրված արժեքի 3% (երեք տոկոս) չափով։ «Էքստրա Քեր» պայմանով հայտարարագրվող առաքանու արժեքը չի կարող լինել պակաս, քան 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ և ավելի, քան 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ։ Նշված առավելագույն շեմը գերազանցելու դեպքում Հաճախորդը պարտավոր է կապ հաստատել Օնէքսի հետ՝ անհատական առաջարկ ստանալու նպատակով։ «Էքստրա Քեր» փոխհատուցման պայման ընտրելու դեպքում, առաքանու կորստի կամ վնասման պարագայում փոխհատուցումը տրամադրվում է առաքանու հայտարարագրված արժեքի չափով՝ ներկայացված հիմնավորող փաստաթղթերի սահմաններում։ Հաճախորդը ծառայություն պատվիրելիս կատարում է համապատասխան ընտրություն և համարվում է պատշաճ կերպով տեղեկացված կիրառվող փոխհատուցման պայմանների վերաբերյալ։
12.3 Բոլոր դեպքերում Օնէքսը պատասխանատվություն չի կրում առաքանու որևէ թաքնված թերության, արտաքին կամ ներքին վնասվածքների, ինչպես նաև առաքանու պարունակության համար, եթե առաքանու փաթեթավորումը/արկղը/տուփը չի վնասվել Բեռնափոխադրման կազմակերպման ընթացքում կամ եթե փաթեթավորման/արկղի/տուփի վնասման ու առաքանու վնասվածքի միջև պատճառահետևանքային կապ առկա չէ:
12.4 Առաքանու՝ Օնէքսի արտասահմանյան պահեստ մուտքագրվելուց հետո Հաճախորդը չի կարող հրաժարվել ծառայությունից կամ պահանջել դադարեցնել առաքանու փոխադրման գործընթացը, և առաքանին ենթակա է առաքման Հայաստանի Հանրապետություն, բացառությամբ այն դեպքերի, երբ Հաճախորդը մինչև առաքանու արտասահմանյան պահեստ մուտքագրվելը, Օնէքսի SMART ծառայության շրջանակում, սահմանված կարգով պատվիրել է «STOP» իսկ այնուհետև «առաքանու հետ ուղարկում» ծառայությունները՝ տրամադրելով հսկիչ համարը։ Եթե ծառայությունն արդեն ամբողջությամբ կամ մասնակի մատուցվել է, Հաճախորդը պարտավոր է վճարել ծառայության համապատասխան համաչափ մասը։ Առաքանին Հայաստանի Հանրապետություն փոխադրվելուց հետո Հաճախորդը պարտավոր է ստանալ այն։ Առաքանին ստանալուց հրաժարվելու դեպքում Հաճախորդը պարտավոր է Օնէքսին մեկ շաբաթյա ժամկետում վճարել բեռնափոխադրման կազմակերպման արժեքն ամբողջությամբ։
12.5 Առաքանիները ստանալու համար հաճախորդին տրամադրված անհատական բարկոդի գաղտնիության պատասխանատվությունը կրում է Հաճախորդը։
13. ԲՈՆՈՒՍՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
13.1 Օնէքսի կողմից կարող են տրամադրվել այլ բոնուսներ։
13․2 Բոնուսը կիրառելու համար անհրաժեշտ է Օնէքսի կայքում Հաճախորդի անհատական էջում Բոնուսային հաշվից գումարը փոխանցել ընթացիկ հաշվին:
13․3 Հաճախորդի կողմից սույն պայմանագիրը լուծելիս նրա կուտակած բոնուսները զրոյացվում են և չեն կարող օգտագործվել:
Թարմացված է՝ 15.04.26